Ցավալի լուր. բանաստեղծ ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ հեռացավ էս կյանքից, նա էլ... Երևի կյանքի օրենքն է՝ գալիս ենք-գնում, ծնվում ենք-մահանում, երևի, բայց աշխարհի ստեղծման օրից ի վեր չենք հաշտվում էս մտքի հետ, վանում ենք, միշտ հույս փայփայելով, որ մերը միայն գալն է, գնալ չկա, որ էդ մութ բաները մեզ հետ չեն պատահելու, մարդկային սին մտքեր, իսկ տիեզերքը իր մտքերն ունի և գիտի իր անելիքը ամենայն մանրամասներով: Եվ անում է…
Ռոմիկ Սարդարյանին ճանաչում եմ երեսուն տարուց ավելի, ինքն ինձ համար իմ անհայտ կորած ՌԱՖԱՅԵԼ ԲԱԶԻԿՅԱՆ հորեղբայրն էր, նրա հետ էինք զրուցում Ռաֆիկից, կարդում Ռոմիկի և Ռաֆիկի բանաստեղծությունները, տխրում, լաց լինում, հուզվում և ամեն անգամ բաժանվում էինք նորից հանդիպելու վստահությամբ: Վերջին անգամ մոտ երկու ամիս առաջ հանդիպեցինք, ինքը Ռաֆիկի «Սասունցի Դավթի» խմբագիրն էր դարձել իմ խնդրանքով, առաջաբանն էր գրել, և մենք անհամբեր սպասում էինք գրքի տպագրությանը: Գիրքը նաև Արքմենիկ Նիկողոսյանին տվեցի կարդալու, որոշեցինք մի քիչ ձգել, Ռաֆիկի անունն առավել ներկայացնել ընթերցասեր հասարակությանը և հետո միայն տպագրել, քանի որ իմ գտած «Սասունցի Դավիթը» ամբողջովին աշխատանքային տարբերակ է, սևագրությունից էլ վատ, բայց ոչ ես, ոչ Ռոմիկը և ոչ էլ Արքմենիկը իրավունք չունեինք այն փոփոխելու, որոշել էինք տպագրել իր բնական վիճակում: Ցավոք, մարդը միշտ ուշանում է, ուշանում է, քանի որ իրեն թվում է, թե ինքը միշտ լինելու է և վերջնական գնալու իր հերթը գալու է ամենավերջում, ցավոք...
Տխուր է, երբ հեռանում է Մարդը, բայց, վստահ եմ, սա դեռ վերջը չէ, ով իմանա, թե հիմա ինչպես և որտեղից է Ռոմիկ Սարդարյան բանաստեղծը դիտում մեզ և իր մանրիկ աչքերով ժպտում: Ո՞վ իմանա: ՈՒզում եմ հավատալ, որ բանաստեղծները հեռանում են չհեռանալու պես, նրանց հոգին մնում է այնտեղ, որտեղ ստեղծագործել է, մնում է և շարունակում զննել աշխարհն ու մարդուն: Ես չգիտեմ, ո՞ղջ է արդյոք անհայտ կորած բանաստեղծ Ռաֆիկ Բազիկյանը, չգիտեմ, բայց վստահ եմ, Ռոմիկի համար հիմա ավելի դյուրին կլինի նրան գտնել հեռացած բանաստեղծների մեջ:
Ռոմիկը նեղանում էր, երբ ինչ-որ մեկին ներկայացնելիս ասում էի՝ Ռաֆիկի ամենամոտ ընկերներից է, ուզում էր, որ ասեմ՝ ամենամոտն է: Իրոք, գուցե հենց այդպես էլ է:
Վերջում մի հատված «Սասունցի Դավթի» մասին Ռոմիկ Սարդարյանի խմբագրականից. «Կրկին մենակ չթողնենք տաղանդավոր բանաստեղծին, ինչպես իր դառնահամ ժամանակներում, երբ, ավաղ, մեր գրականագիտության ասեմ, թե գրաքննադատության սայլը խրված-լռված էր (չասեմ՝ ինչպես հիմա), մեր գրականության պատմության կեռմաններում և, եթե փոքր-ինչ շարժվում էր անգամ, ապա դեպի հետ՝ վաղուց ի վեր հաստատված դասականների ստվերների արանքով, բարեխղճորեն ու ծանր ձեռքով համահարթեցված ճանապարհներով»:
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր